Skip to main content

Կուձե, թե՞ Քյութցե․ ոչ միանշանակ ազգանունով՝ միանշանակ նոբելյանակիր գրողը

Սուրճս սառեց՝ էդպես էլ չկողմնորոշվեցի՝ էս մարդու ազգանունը ոնց գրեմ։ Հայկական տարբերակներում կիրառում են էլ Քութզե, Կուձե, Քուզե, Կուդզե, Քեթսե, Քյութցե․․․Մի խոսքով, то ли Жора, то ли Гога, то ли Гоша-յին ես ուղղակի կանվանեմ պարոն Ջոն ձյաձյա։
Ուրեմն, պարոն Ջոն ձյաձյան հաստատ պրակտիկ մարդ է՝ մեկ, հաստատ շատ է սիրում կարդալ՝ երկու։ Պրակտիկ մարդ է, որովհետև, չնայած նրան, որ ամենաշատ գրական մրցանակներ ստացած գրողներից մեկն է՝ այդ թվում նաև Նոբելյան, Բուքեր, և մի շարք այլ «մանր-մունր» բաներ (բախտի տերը թաղեմ), հայտնի լինելու հետ առանձնապես սեր չունի և դրան լուրջ չի վերաբերվում։ Անգամ Նոբելյան ստանալիս, երբ մարդիկ հատուկ ճառեր են գրում ելույթի համար, ինքն ուղղակի բարձրացել է բեմ, կարդացել գրքից մի հատված, իջել։ Ունի շատ քիչ հարցազրույցներ, բայց մեկը մեկից որակով են, ու պարզ է՝ ինտելեկտուալ ու լայն մտահորիզոն ունեցող մարդու հետ գործ ունենք։


Ինտելեկտը նաև գրքից է զգացվում։ Չի փորձում խելացի երևալ ու դրանով խեղդել մեզ, բայց և իր գրական ռիթմում ու ընտրած բառերից ասես արիստոկրատիայի, սիրուն վարվեցողության ու շատ խնամքով ընտրված ու հղկած գիտելիքի փշուրիկներ են ընկնում աչքերիդ մեջ, որոնք սառնաշաքրի պես տեղում իսկ հալվում են ու հագեցնում գրական քիմքդ։ Իսկ հաստատ շատ է կարդում, որովհետև լավ ընթերցողի պես է գրել։ Շատ հավես ռիթմիկա, գիրքը տեմպով սկսում է, ոչ մի «արշալույս էր, նոր էր բացվել, ձին քրտնած ներս մտավ» ոճի նկարագրություններ։ Խոսքն էս գրքում գործ է, ավելորդ սարուձորեր չկան, ինչ էլ կա՝ չափավոր, տեղին, համուհոտով։ Նման բնավորությամբ պարոն Ջոն ձյաձյան կարող էր ընտիր խոհարար լինել, ֆանտաստիկ կերպով կարողանում է «չափաբաժիններ» պահպանել, չանցնել սահմանը, չարագացնել կամ չդանդաղեցնել տեքստը՝ առանց դրա հատուկ անհրաժեշտության։ Մի խոսքով՝ գործի վարպետ է, սրանում կասկած չկա։
Ի՞նչ ասել գրքի մասին։ Հմ, երևի այն, որ էս գիրքն ինձ խորհուրդ են տվել բացառապես փոքր-ինչ ավելի հասուն տարիքի ընկերներս, քառասունն անց։ Եվ հասկանում եմ՝ ինչու։ Այն դանդաղ ընթերցանության գիրք է, էս գրողին սովորաբար ավելի մեծ տարիքում են գտնում, ու սիրում։ Ես հավանել եմ, բայց կարծում եմ՝ գիրքն ունի շերտեր, որոնք ավելի լավ ընկալելու համար ինձ պետք է դեռ մի քանի տասնամյակ էլ ապրել։ Կարող եք կարդալ հիմա, հետո կարդալ ավելի հասուն տարիքում՝ եթե երեսունից փոքր եք, դրա կարիքը զգում ես ընթացքում։ Չեմ կարող ձևակերպել՝ ինչու, բայց կենսաբանական տարիքի հետ հաշվի նստող գիրք է, մի քիչ մեծանալ է պետք, որ բոլոր երանգները զգաս։ Վստահաբար առաջարկում եմ համտեսել՝ հետաքրքիր գրքուտեստ է՝ աղ-պղպեղը ճիշտ չափաբաժնով, հաճելի կծվությամբ ու նուրբ թթվայնությամբ։
Մի օր ես կլինեմ հիսունն անց ծյոծյիկ, կարմիր մազերով, մարգարտե վզնոցով, մեծ քարերով մատանիներով։ Ամուսինս մի երեկո մեզ համար խոհանոցում համեղ միս պատրաստելիս կլինի՝ Ավիշայի Քոհեն լսելով, վերնաշապիկի թևքերը ծալած։ Ես մեր գրադարանային սենյակում պատահաբար կգտնեմ էս գիրքը, կփռվեմ բազմոցին, սուրճը էլի կդնեմ դիմացս, կսկսեմ կարդալ ու կգտնեմ էն շերտերը, որոնք չեմ գտնում հիմա։ Եվ սուրճը էլի կսառի։
Մինչ հիսունամյակ, պարոն Ջոն ձյաձյա:

Comments

Popular posts from this blog

Դարձ ի շրջանս յուր

Չգիտեմ՝ ինչ են գրում վերադարձների դեպքում։ Ես սովորաբար չեմ վերադառնում, որովհետև՝ առհասարակ գնացողներից չեմ, իսկ եթե գնացի էլ, ուրեմն՝ վերադարձի կետը գոյություն չունի այլևս, հետևաբար՝ վերադառնալու տեղ էլ չկա։ Պարզ է։ Հեշտ։ Ընկալելի։ Բայց ի՞նչ անել, եթե վերադառնում ես ոչ թե ինչ-որ մեկի մոտ, այլ ․․․ հենց քո։ Կամ գուցե վերադարձնո՞ւմ ես քեզ։ Քեզ բերում ես քեզ մոտ։ Քեզ հանդիպացնում ես քո հետ։ Նստում խոսում եք՝ դու ու դու, հետո գուցե խմում Դուդու, առնում դուդուկ, ուտում ֆունդուկ ․․․ Հասկացանք, լավ, հանգեր բռնել կարողանում եմ, բայց ինքս ինձ ո՞նց պիտի բռնեմ, որ էլ չկորցնեմ, որ հետո էլ կարիք չլինի հասկանալու՝ հիմա վերադարձել եմ, թե՝ վերադարձրել։ Ընդամենը մեկ «ր»-ի պատմություն է, բայց ինչքան բան է փոխում։ Գուցե հասկանալ էլ պետք չի ․ ինչ կարևոր է վերադարձա, թե վերադարձրի, կարևորը՝ տեղում եմ, այստեղ եմ, սպասել ու հասել եմ, հիմա էլ՝ գրում եմ։ Այն ֆորմատով, որից սկսեց ամեն ինչ։ Որը հետո դարձավ գրական տեքստերի հիմք։ Ու գրում եմ ճիշտ նույն տեխնիկայով՝ ուղղակի բացել ու տպում եմ՝ չեմ խմբագրում, չեմ մտ...

«Մանյունյան» ընթերցելու 4 պատճառ

Ոչ վաղ անցյալում Նարինե Աբգարյանի «Մանյունյան» ներկայացվեց հայերեն՝ Նարինե Գիժլարյանի թարգմանությամբ։  Ռուսերեն, բայց՝ հայերեն շեշտադրությամբ գրող Նարինեի հետ շփվելու համար  շնորհանդեսին անգամ Կամերային թատրոնը նեղլիկ էր թվում․ ասեղ գցելու, տվյալ պարագայում՝ գրքից տառ գցելու տեղ չկար։ Ու շատ երկար ժամանակ քաղաքը «Մանյունյայից» էր խոսում։ Հիացած էին, և հիացմունքն արդարացի է։ Խորհուրդ են տալիս ընթերցել՝ ռուսերենը, արդեն նաև՝ հայերենը՝ ասելով, որ չընթերցել ուղղակի չի կարելի։ Լավ հնչում է, սակայն այնքան էլ համոզիչ չէ։ Ահա ձեզ չորս պատճառ՝ բնօրինակը կարդացած, և թարգմանության ընթերցումը հերթագրած գրքասերից՝ «Մանյունյան» ընթերցելու համար։ 1. Այն մանկական գիրք չէ Երեխաների մասին պատմող գիրքը պարտադիր չէ, որ մանկական լինի։ Կարող են կարդալ նաև երեխաները, բայց մեծահասակաների համար դրանք նույնչափ հետաքրքիր են, որովհետև տողատակում «մեծական» հետքեր կգտնեն։ Իրականում, մեծանալու ընթացքում մենք «փչանում ենք» որպես ընթերցողներ՝ համարելով, որ «ավագ գրականությունը» պետք է լինի վիսկիով բ...

Երբ գրականությունը գալիս է քո ետևից

...Եվ երբ գրականությունը  իմ ետևից գա, ասա, որ ես հոգնել եմ շատ, ասա, որ ես մենակ եմ շատ, ասա, որ ես հետ եմ գնում։   Հասմիկ Սիմոնյան «Մեղուներ պահող աղջիկը» Երբեմն դժվար է իգական սեռի գրող լինել։ Որովհետև ուզում ես՝ կերպարդ քֆուր տա։ Չհայհոյի՝ քֆուր տա։ Բայց հիշում ես, որ դեռ չես ամուսնացել․ բա որ ուզողներդ քչանան։ Բա որ քեզ ուղարկվող ծաղիկներից զրկվես։ Բա որ էլ նվերներ չտան, ամա՜ն։ Ով պիտի  ասի՝ սիրուն ես, շատ սիրուն ես, ամենասիրունն ես, առանց էդ հիշեցումների ո՞նց ապրել։ Բա տենց կեղի՞։ Չեղի։ Անգամ Սեյրան Սարոյանն է համաձայն։  Հո չես բացատրի, որ՝ գիտեք, ես, անձնապես, հայհոյել չեմ սիրում, բայց քո անձը տեքստի մեջ բացարձակ կարևոր չէ, ու եթե ինքդ քեզ կաղապարում ես ինչ-որ բան գրելիս, ուրեմն՝ լավ տեքստ չես ստանա։ Որովհետև հնարավոր չէ քո վախը կապել կերպարիդ վզին։ Քո կոմպլեքսը թողնել նախաբանիդ բկին։ Քո հոգնածությամբ փակել տասններորդ գլխի հոգածությունը։ Ինքդ քո կյանքի շուրջբոլորը կմկմում ես այնքան, մինչև որ մի օր գնում ու քեզ համար գնում  ես վա...