Skip to main content

Ավելորդ քաշ, նոր ֆենթըզի վեպ, ռեժիմ

Եթե ձեզ առաջարկեն՝ կռվել դրակոնի դեմ, կամ հենց այս պահին կշռվել, ինչ եք կարծում՝ ի՞նչ գույնի դրակոն կընտրեք։ Շատերի խիզախությունը չի հերիքի հիմա նայել ո՛չ իրականության, ո՛չ էլ՝ կշեռքի աչքերի մեջ։ Ի դեպ, եթե ինքնախարազանմամբ եք զբաղվում՝ դադարեցրեք, որովհետև սթրեսային վիճակում շատ ուտելը օրգանիզմի բնական ռեակցիա է՝ դեռևս  հնուց սերող։ Ոչ մի բարդ քիմիա չկա, հասարակ ու պարզ բացատրություն ունի․ ուտելիս մեզ ավելի ապահով ենք զգում, հանգիստ, իրավիճակը վերահսկելի է թվում։ Հենց սրա համար է, որ լարված ժամանակ ուտելու ցանկություն ունենք։ Բայց նաև հենց սրանից է, որ մերպեսների համար հոգեբանները ստեղծել են հատուկ՝ stress eating տերմինը, որը գործնականորեն ակտիվ կիրառում ենք համայն հայությամբ՝ ներկայիս օրերին։
Բայց եկեք մի կարևոր բան հասկանանք․ եթե օրգանիզմը հակում ունի սնվելով պաշտպանվածության միֆ հորինելու՝ չի նշանակում, թե այն կառավարել հնարավոր չէ։ Անընդհատ ու անընդմեջ ծամելու փուլը ես շատ արագ փակեցի, ու հիմա ոչ միայն  ավելորդ քաշ չեմ հավաքում, այլ անգամ քաշ եմ կորցնում։ Երեք պարզ գործողությունների շնորհիվ։
  1.  Աչքիս առաջ ուտելիք չեմ պահում։ Բացարձակ։ Սեղաններիս վրա ծամելու, թեթև ծամելու, ծամծմելու,  զբաղվելու ոչինչ չկա, ընդհանրապես։ Չէ-չէ, էդ կոնֆետը, չիրը, պնդուկ-պոպոքը, արևածաղիկը, ամեն ինչ պահում եք փակ դարակներում։ Չէ, էդպես չեղավ, տեսնում եմ, որ ափսեն վերցրիք ու մի քիչ հեռու դրեցիք։ Ձեռքը չհասնի՝ ոտքով հաստատ բրդելով մոտ եք բերելու՝ արել ենք, գիտենք։ Ինքներս մեզ չենք խաբում։ Ուտելիքը պահում ենք փակ դարակում, և, օրինակ, չիրը չենք ուտում առանձին, ոտքի վրա, սենյակում գնալ-գալով։ Ճաշելուց անմիջապես հետո ուտում եք «հավելյալ» սնունդը, կյանքի փոքրիկ ուրախություններով լցնում  ձեր ստամոքսը, հետո էլի փակում ու մի կողմ դնում։ Սա վերաբերում է նաև մրգերին, թարգեք մերթընդմերթ մրգային խրախճանք կազմակերպելը՝ «առողջարարի» պատրվակով, գիշերվա տասնմեկին։
  2. Ուտելու ռեժիմ եմ մշակել ու խստորեն պահում եմ։ Հստակեցրեք ձեր ապրելակերպը, և սա միայն ուտելիքին չի վերաբերում։ Շատ կոնկրետ մասերի բաժանեք օրը, որի մեջ մտնում է նաև նախաճաշ-ճաշ-ընթրիք երրորդությունը։ Առաջին օրերին մի փոքր բարդ է լինելու, բայց արագ կընկնեք տեմպի մեջ՝ հատկապես որ տանն եք։ Սովորություն դարձրեք կանոնակարգված ուտել, ու կզգաք, թե որքան ավելի քիչ եք ուտում, ավելի բազմազան եք սնվում և որքան ավելի արագ եք հագենում։
  3. Կարդում եմ հայկական նոր ֆենթըզի վեպը, որը չեք հավատա, բայց ազդում է ախորժակի վրա։ Իսկ այ էստեղից ավելի մանրամասն սկսեմ պատմել։ Եվս մեկ դիտարկում՝ նախքան բուն թեմային անցնելը․ բնական է, որ այս ընթացքում ծանր գրականություն չեք կարողանում կարդալ։ Եթե մեկը, օրինակ, որոշի ինքնամեկուսացման  շրջանում կարդալ Խորենացու «Հայոց պատմությունը», վստահ եմ, որ «Ողբին» դեռ չհասած ինքնասպանություն կգործի՝ ուտելով տեղաշարժման բոլոր թերթիկները։ Օդում լարվածություն կա, փողոցում ծանրություն կա, բոլորիս պատել է անորոշությունը՝ բնական է։ Բացարձակ չգիտենք՝ ինչ է լինելու հետո, մնում է միայն լավատեսությամբ զինվել ու հնարավորինս փախչել նեգատիվից՝ նորություններից, գրառումներից, առհասարակ՝ բոլորիս ուսերին հենված տագնապից։
Երբ աշխարհը սկսում է քանդվել, փրկության է վազում արվեստը․ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սարսափելի կլինեին մեր օրերն առանց ֆիլմերի ու  գրականության, առանց օնլայն ներկայացումների ու համերգների։  Որպեսզի թույլ չտաք ուղեղը լճանա ու ֆիքսվի նեգատիվի վրա, պետք է ձեր կյանքում նորություն ավելացնեք՝ պահպանելով բազմազանությունը․ սա ևս գիտական փաստ է ուղեղի մասին։ Երբ մենք անընդհատ կատարում ենք նույն գործողությունը, ուղեղը հոգնում է ու արագ հիշում «հին դարդերը»։ Դե ինքներդ պատկերացրեք, ինչն է ավելի լավ՝ զարթնել, նախաճաշել, ֆիլմ դիտել, գնալ խանութ, պարապ պառկել, մեկ ֆիլմ էլ դիտել, էլի պարապ նստել, ընթրել ու քնե՞լ, թե՞ ասենք, առավոտյան պարան թռնել, սկսել  շյուղերով գործել սովորել, իսպաներեն պարապել, Յութուբի վիդեոների օգնությամբ զումբա պարել, գիտական հաղորդումներ նայել, նոր հետաքրքիր փաստեր սովորել և այլն։ Երկրորդն ավելի գրավիչ է, չէ՞։ Ուղեղն էլ է համաձայն։
Սա վերաբերում է նաև գրականությանը՝ այս փուլում։ Սեփական փորձից հասկացա․ «սովորական գրականություն» չի ստացվում կարդալ․ երբ հեղինակները նկարագրում են փողոցը, ռեստորանը, քաղաքը և այլն, մոռանում եմ գրքի մասին ու հիշում մեկուսացումս, կարոտում քաղաքը, վերապրում ջահել տարիներս։ Հենց սրա համար էլ մի գեղեցիկ  օր ձեռքս տարա գրադարակին, մի կողմ դրեցի բոլոր գրքերն ու սկսեցի կարդալ նոր հայկական ֆենթըզի վեպը, Հարություն Ղուկասյանի «Հանճարների գիրքը»։
Պարզվեց, հոգեբանները ճիշտ էին։ Նմանօրինակ գրականությունը շատ հմտորեն կտրում է քեզ իրականությունից ու  բավականին լավ դեղամիջոց է տաղտուկ առօրյայի դեմ՝ հատկապես այն պատճառով, որ նախ՝ բացարձակ այլ աշխարհ ես տեղափոխվում, հետո՝ ֆենթըզի վեպերը մաքսիմալ կենտրոնացում են պահանջում, որովհետև ամեն դետալ պիտի պատկերացնես՝ այլ իրականություն է, այլ զգացողություններ են։ Եվ երրորդը՝ ֆենթըզի վեպերը շատ ավելի դանդաղ ես կարդում, որովհետև ամեն էջը պիտի կլանես, հանգիստ գծագրես, ուղեղումդ կառուցես, հիշես՝ ով ում բարեկամն էր, որովհետև դրանք սովորաբար  հետաքրքիր ու արագ զարգացող սյուժե ունեն, յուրօրինակ պատկերավորում։

«Հանճարների գիրքը» սկսեցի կարդալ հենց այն փուլում, երբ որոշեցի վերջ տալ գնալ-գալուց մի բան ծամելու վատ սովորությանն ու առհասարակ՝ որոշեցի ռեժիմ ունենալ։ Նախաճաշի, ճաշի ու ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում սկսեցի ոչ թե պարապ նստել, այլ ֆենթըզի վեպ կարդալ՝ դեղատոմսի, գերկարևոր հանձնարարության պես։ Քանի որ այն ամբողջովին կլանում է, սկսեցի մոռանալ ուտելու՝ անտեղի ցանկության մասին։ Կարդում էի ավելի դանդաղ տեմպով, որովհետև իսկապես վայելում էի, այդպիսով գիրքը ձգձգեցի տասը օր։ Եվ այդ տասը օրում նոր սովորություն ձեռք բերեցի․ նախ, ամեն առավոտ սուրճս վայելում եմ ոչ թե սոցցանցերում, այլ գրքերի հետ, հետո՝ իրականությունից կտրվելն իսկապես փրկություն է ներկայիս դրության համար։ Գրեթե ոչ մի նորություն չեմ կարդում, ավելի խաղաղ եմ դարձել, ներքին լարվածությունն էլ քչացել է։ Այնպես որ, շնորհակալություն Կազամոսին, Զակուռային ու մռութ Էմզային, որը գրքի մեջտեղներում․․․Լավ, չեմ պատմում, կկարդաք՝ կիմանաք։
Գրքի շապիկից է պետք սկսել։ Գժական շապիկ են ստացել՝ որակյալ, խոսուն։ Ի դեպ՝ խոսուն՝ բառի ամենաուղիղ իմաստով, որովհետև Arloopa-յի միջոցով շապիկը կենդանանում է։ Ամեն դետալի վրա աշխատել են, և հաճույքը ոչ միայն ներքին-տեքստային  է, այլ նաև՝ արտաքին։ Հենց շապիկից արդեն իսկ տրամադրվում ես, որ ներսում մոգական, յուրահատուկ աշխարհ է, որը պետք է դանդաղ վայելել։
Ցանկանո՞ւմ ես իմանալ ճշմարտությունը․ ազատի՛ր միտքդ և այն կբացվի քո առաջ։  «Հանճարների գիրքը»
Արրատայի ճակատագիրն անորոշ է, ու հնարավոր է՝ երկիրն իսպառ ջնջվի աշխարհի երեսից։ Միայն երկի՞րը, թե՞ ամբողջ աշխարհը․ ով գիտի։ Տիեզերքում ապրող մնացյալ բոլոր էակները պայքարում են  Արրատայում պահվող «Հանճարների գրքի» համար, որտեղ տիեզերական իմաստությունն է, բայց գիրքը երկար ժամանակ լռում է ու սպասում իր հանճարին՝ նորից խոսելու համար։ Ո՞րն է տիեզերական ճշմարտությունը, ինչո՞ւ է գիրքը պահվում Արրատայում երկար տարիներ, արդյո՞ք այն նորից կխոսի,  ո՞վ է հանճարն ու ինչպես կարող են փրկել Արրատան՝ հարցեր են, որոնք մեկը մյուսի հետ շաղկապվելով ստեղծում են աշխարհ, որից չես կարողանում կտրվել։ Ի վերջո, գրքի հորինած աշխարհի համար սկսում ես ավելի շատ անհանգստանալ, քան՝ սեփական երկրիդ Կորոնավիրուսի։ Իհարկե, պետք է փաստել, որ բոլորս անվերադարձ խելագարվել ենք․ երբ Կազամոսը, (երբ կարդաք, կիմանաք՝ ով է)  գրքում սկսում է մոտենալ Արրատայի դարպասներին, նկատեցի, որ ուղեղումս նրան բժշկական դիմակով եմ պատկերացնում․․․Մեղա քեզ։
Հարություն Ղուկասյանը շատ մանրակրկիտ է աշխատել տեքստի հետ․ սիրում եմ այն գրողներին, որոնք  «գլխառադ» չեն անում։ Շատ փոքրիկ, բայց հաճելի դետալներ կան, որոնք ուշադիր ընթերցողներն անպայման կգնահատեն։ Օրինակ, տեղանքի «Արրատա» անվանումը, որը հիշեցում ու հղում ունի դեպի մեր «Արատտան»։ Յուրահատուկ աշխարհում ապրող կերպարների մի մասը հորինել է հեղինակը, մյուսներին վերցրել տարատեսակ առասպելներից՝ որոշների անունները փոփոխելով, որոշներին՝ նույնը թողելով․ սրա օգնությամբ ավելի հեշտ ես մտերմանում գրքի հետ։ Մի փոքրիկ դետալ կար, որը ես շատ սիրեցի․ գրքում Ժամանակը կին է։ Շախ և մատ կանանց՝ ժամանակի զգացողություն չունեցող համարողներին, դե կերե՛ք։ Դե լավ-լավ, էլ մի սկսեք, իբր՝ ֆանտաստիկայի ժանրում ենք, դրա համար է ժամանակը իգական սեռի, դուք չար եք և նախանձ։
Սրա հետ մեկտեղ, գիրքը համեմված է հետաքրքիր փիլիսոփայական մտքերով, գեղեցիկ երկխոսություններով ու պատկերների նկարագրություններով, առանց որոնց ֆենթըզի վեպ գոյություն ունենալ չի կարող։ Հաճելի է, որ հեղինակը չի տարվել դրանցով ու ամբողջ գիրքը տեղանքի նկարագրություններ չեն միայն, ջերմ բարևներ Րաֆֆիին։  Ամեն բան իր տեղում է, բացատրված այնքանով, որ ոչ մի հարց չի մնում, և ոչ էլ շատ պարզեցված է։
Ամփոփելով, պետք է ասեմ, որ հրաշալի է, որ հայ հեղինակները ֆենթըզի վեպ են գրում․ բավականին լավ է ստացվում, ու հուսամ, որ «Հանճարների գիրքը» կանաչ լույս կդառնա այլ գրողների համար, որպեսզի չվախենան ժանրային փորձարկումներից, չվախենան բարդ թեմաներից, նոր աշխարհներ ստեղծելուց ու շուտով կսկսեն բազմաժանր ու գերհետաքրքիր գրականություն մատուցել։
 Էլ ավելի լավ կլինի, եթե ընթերցողները չվախենան նոր ժանրերից՝ հատկապես հիմա, որովհետև դրանք իսկապես փրկություն են ուղեղի ու առօրյայի համար։ Լսեք նոր երգեր, գտեք նոր հոբբիներ, կարդացեք «Հանճարների գիրքը», օրվա ռեժիմ սահմանեք ու քիչ կերեք․ ամառը գալու է, հագնելու շոր չենք ունենալու, լինենք խայտառակ։

Comments

Popular posts from this blog

Կարդալ Խակամադա, սիրել Խակամադա, լինել Խակամադա

Եթե այս անգամ ինձնից սպասում եք լուրջ, օբյեկտիվ գրախոսական, որտեղ ես պատմելու եմ գրքի դրական ու բացասական կողմերի, շարահյուսության, անցումների, պիտանելիության ու այլ բաների մասին՝ փակեք էջը։ Փակեք, գնացեք-բացեք պատուհանը, աչքերով զբոսնեք դրսերում՝ շատ ավելի օգտակար կլինի։ Այսօր գրախոսական չի լինելու։ Միայն՝ սիրո խոստովանություններ, կույր հիացմունք՝ անգամ ոչ թե գրքի, այլ մարդու՝ գիրքը գրած մարդու նկատմամբ։ Կներեք, որ կոտրում եմ ձեր գրքասեր սրտերը, բայց ի՞նչ անեմ։ Ես սիրում եմ Խակամադային ու վերջ, ու չէի կարող առիթը չօգտագործել՝ էդ սերն արտահայտելու համար՝ գրքի մասին, իբր, գրախոսական գրելով։ Բայց գուցե էս անկեղծ էմոցիաներն էլ հենց համոզե՞ն գիրքը կարդալ։ Հաստատ արժի, մեծ բան եք կորցնելու չկարդալով։    Ես չեմ ճանաչում ուրիշ էս տեսակ կնոջ։ Տարածված կարծիք կա, չէ՞, որ մարդը կամ պիտի շատ պրակտիկ-չոր լինի, կամ՝ ավելի վերերկրային, տիեզերական էներգետիկաներում։ Խակամադան էս պնդման սխալական լինելու քայլող ապացույցն է։ Էս կինը հողի վրա բիզնես է անում, հետո՝ երեկոյան՝ մեդիտացիաներով թռնում է ա

Դարձ ի շրջանս յուր

Չգիտեմ՝ ինչ են գրում վերադարձների դեպքում։ Ես սովորաբար չեմ վերադառնում, որովհետև՝ առհասարակ գնացողներից չեմ, իսկ եթե գնացի էլ, ուրեմն՝ վերադարձի կետը գոյություն չունի այլևս, հետևաբար՝ վերադառնալու տեղ էլ չկա։ Պարզ է։ Հեշտ։ Ընկալելի։ Բայց ի՞նչ անել, եթե վերադառնում ես ոչ թե ինչ-որ մեկի մոտ, այլ ․․․ հենց քո։ Կամ գուցե վերադարձնո՞ւմ ես քեզ։ Քեզ բերում ես քեզ մոտ։ Քեզ հանդիպացնում ես քո հետ։ Նստում խոսում եք՝ դու ու դու, հետո գուցե խմում Դուդու, առնում դուդուկ, ուտում ֆունդուկ ․․․ Հասկացանք, լավ, հանգեր բռնել կարողանում եմ, բայց ինքս ինձ ո՞նց պիտի բռնեմ, որ էլ չկորցնեմ, որ հետո էլ կարիք չլինի հասկանալու՝ հիմա վերադարձել եմ, թե՝ վերադարձրել։ Ընդամենը մեկ «ր»-ի պատմություն է, բայց ինչքան բան է փոխում։ Գուցե հասկանալ էլ պետք չի ․ ինչ կարևոր է վերադարձա, թե վերադարձրի, կարևորը՝ տեղում եմ, այստեղ եմ, սպասել ու հասել եմ, հիմա էլ՝ գրում եմ։ Այն ֆորմատով, որից սկսեց ամեն ինչ։ Որը հետո դարձավ գրական տեքստերի հիմք։ Ու գրում եմ ճիշտ նույն տեխնիկայով՝ ուղղակի բացել ու տպում եմ՝ չեմ խմբագրում, չեմ մտ