Skip to main content

Դարձ ի շրջանս յուր


Չգիտեմ՝ ինչ են գրում վերադարձների դեպքում։ Ես սովորաբար չեմ վերադառնում, որովհետև՝ առհասարակ գնացողներից չեմ, իսկ եթե գնացի էլ, ուրեմն՝ վերադարձի կետը գոյություն չունի այլևս, հետևաբար՝ վերադառնալու տեղ էլ չկա։ Պարզ է։ Հեշտ։ Ընկալելի։ Բայց ի՞նչ անել, եթե վերադառնում ես ոչ թե ինչ-որ մեկի մոտ, այլ․․․հենց քո։ Կամ գուցե վերադարձնո՞ւմ ես քեզ։ Քեզ բերում ես քեզ մոտ։ Քեզ հանդիպացնում ես քո հետ։ Նստում խոսում եք՝ դու ու դու, հետո գուցե խմում Դուդու, առնում դուդուկ, ուտում ֆունդուկ․․․Հասկացանք, լավ, հանգեր բռնել կարողանում եմ, բայց ինքս ինձ ո՞նց պիտի բռնեմ, որ էլ չկորցնեմ, որ հետո էլ կարիք չլինի հասկանալու՝ հիմա վերադարձել եմ, թե՝ վերադարձրել։ Ընդամենը մեկ «ր»-ի պատմություն է, բայց ինչքան բան է փոխում։ Գուցե հասկանալ էլ պետք չի ինչ կարևոր է վերադարձա, թե վերադարձրի, կարևորը՝ տեղում եմ, այստեղ եմ, սպասել ու հասել եմ, հիմա էլ՝ գրում եմ։ Այն ֆորմատով, որից սկսեց ամեն ինչ։ Որը հետո դարձավ գրական տեքստերի հիմք։ Ու գրում եմ ճիշտ նույն տեխնիկայով՝ ուղղակի բացել ու տպում եմ՝ չեմ խմբագրում, չեմ մտածում՝ ինչ կմտածեն։

 Ամեն բան պարզ է։ Հեշտ։ Ընկալելի։ Ինչ-որ պահի անձնային փոփոխությունները հասան այնպիսի կետի, երբ հասկացա՝ պետք է վերադառնալ։ Ինքս ինձ ու արմատներին։  Արմատներից ամենակարևորն ու հիմնայինը բլոգն էր, որ հետո դարձավ առանձին կայք ու պատմվածքներիս համար տուն, հետո արդեն դարձավ իսկական տպագիր գիրք, դե մնացածին էլ արդեն ծանոթ եք՝ երևի։ Իսկ եթե ծանոթ չեք․․․Ավելի լավ, գնացեք նորմալ գրողների կարդացեք։ Ամիսներ անց երկրորդ գիրքը կլինի, ու առաջինի ու երկրորդի արանքում նորից բլոգ սկսելը հաստատ լավ միտք է։ Անգամ եթե վատ միտք է՝ ինչ-որ մեկը սխալներ անելու համաձարկություն պիտի ունենա, չէ՞։ Համարձակ աղջիկ եմ, բավականին համառ։ Այնքան համառ, որ առավոտյան պարզեցի՝ թեյնիկս անվերադարձ փչացել է։ Ուրիշ մեկը գուցե հրաժարվեր սուրճ խմելուց, բայց՝ ոչ ես։ Այ հիմա, այս տեքստին զուգահեռ, խմում եմ աշխարհի ամենավատ սուրճը՝ ծորակի գոլ ջրով, գունդուկծիկ եղած լուծվող սուրճի հատիկներով, վրան էլ սերուցք եմ լցրել, որ փրկեմ իրավիճակը, բայց ավելի եմ հարամել։ Այստեղից հետևություն եթե սուրճն ի սկզբանե վատն է, ջրի ջերմաստիճանը ուզածդ չի, սուրճն էլ չի ստացվել ուզածդ ձևով հարել, բաժակդ էլ արդեն ճաք է տվել՝ ինչքան ուզում ես սերուցք լցրու՝ ոչ միայն չես օգնելու, այլ ավելի ես վատացնելու վիճակը։ Ինձ երկար ժամանակ կարդացողները հաստատ արդեն հասկացան, որ վերջին պարբերությունն ընդհանրապես սուրճի մասին չէր։ Կամ գուցե՝ էր։ Ով գիտի։ Արդեն ես էլ ինքս ինձնից բան չեմ հասկանում։

Ոմանք էլ կմտածեն՝ հաստատ ինչ-որ մեկի համար եմ գրում, կամ՝ մասին։ Սուրճն էլ ալեգորիկ ակնարկ է գուցե։ Այդպես հաճախ է լինում ամիսներ առաջ մի տղա փրփուրը բերանում համոզում էր ինձ, որ բոլոր տեքստերս իր մասին են, որ իր վերադարձն եմ մուրում՝ երբ խոսում եմ հեռանալուց, կամ գալուց, կամ կարոտից։ Խոսում էր այնքան վստահ ու այնքան համոզիչ, որ քիչ էր մնում՝ ես էլ հավատայի։ Կհավատայի, բայց մի խնդիր կար նայում էի դեմքին ու չէի էլ կարողանում հիշել՝ հիմա քանի տարեկան է։ Ազգանունն էլ չէի կարողանում հիշել։ Ու մտածում էի՝ սոված եմ, գոնե թող կարճ կապի։

Այդպես շատ է լինում։ Պարբերաբար հայտնվում են կանայք ու տղամարդիկ, որոնք վստահ են, որ տեքստերն ակնարկներ են, որ իրենց ես կանչում, իրենց ես սպասում։ Դու էլ ներողամտաբար ժպտում ու չես ասում, որ գրողները բավականին սառնասիրտ մարդիկ են, ու պրոֆեսիոնալ գրականության մեջ չոր հաշվարկ է՝ դու գրում ես ուղղակի գրելու համար, քո ալեգորիաները ստեղծվում են, որովհետև բառախաղը քեզ դուր է եկել, ու ուղղակի ուզում ես սիմվոլիկաներ ստեղծել։ Ժպտում ու չես ասում, որ այնտեղ, որտեղ գրում ես մարդկանց մասին, հաճախ մարդիկ առհասարակ կապ չեն ունենում։ Բարդ է։ Խրթին։ Դժվար ընկալելի։ Բայց ինչ-որ մի օր բոլորը կհասկանան։ Ու այս բլոգն էլ կկարդան՝ ուղղակի կարդալու համար՝ չմտածելով՝ ում եմ ակնարկում։ Ես ակնարկել չեմ սիրում, հասցեատերերին դիմում եմ ուղիղ ու իրական անունով՝ սրա մասին շատ լավ գիտեն ինձ  վաղուց հետևողները՝ մարդիկ, որոնք ծանոթ են իմ ամենաառաջին գրվածքներին։ Պատկերացնում եմ՝ իրենք հիմա ինչ են զգում։ Հաստատ զարմացած են՝ տարիներ են անցել, բայց ասես բոլորս միասին վերադարձած  լինենք անցյալ, ասես մեծ ու երկար դադար չի էլ եղել, ասես՝ երեկ էր, որ հավաքում էինք տեքստերիս շուրջ։ Նույն ալիքներն են, գուցե փոխված, հղկված, բայց՝ նույնը։ Ես այդպես եմ զգում, ու հավանաբար՝ դուք էլ։ Բլոգի անունը նույնը չի, բայց մեկ է, ես էլի գրում եմ «Ամեն ինչ ոչնչի մասին»։ Ու ինչ էլ գրեմ՝ էլի պտտվում ենք սրա շուրջ։

Դե բայց մեծացել եմ, ունեմ գիրք ու աշխատանք, մեծական խնդիրներ եմ լուծում։ Ու թեմաները ևս շատացել են։ Այնպես որ, նման գրառումները կլինեն գուցե հիմնական գիծ, բայց չեն լինի միակ թեման։ Լիքը պլաններ ունեմ՝ գրքերի մասին պատմելուց մինչև հարցազրույցներ, ակնարկներ, էսսեներ և այլն։ Այսքան տարի ինքս ինձ կորցրել էի ու  հավատում էի, որ այլևս ինձ չեմ գտնի, վերջնական խեղդվել եմ։ Պարզվեց՝ ինձնից պոկված կտորներն իջել էին ջրի հատակը, որ հղկվեն ու թրծվեն, հասարակ քարից դառնան մարգարիտներ ու վերադառնան ինձ մոտ։ Կամ վերադարձնեմ։

Հիմա այդ մարգարտահատիկներն այնքան շատ են, որ միայն գրական տեքստերը այլևս չեն հերիքում ինձ։ Դրանք ևս լինելու են՝ հրատարակվելիք վեպիս զուգահեռ նոր  պատմվածքներ էլ կկարդաք։ Բայց գրական ֆորմատից դուրս շատ եմ ուզում երբեմն կիսվել իմ մտքերով, գրել գրական ռեցենզիաներ, զրուցել մարդկանց մասին ու, էլի, ուղղակի պատմել ձեզ ամեն ինչ՝ ոչնչի մասին։
Կամ ուղղակի գալ ու գրել, որ հա, թեյնիկ չունեմ։ Ու այսօրվա սուրճս վատն էր։ Բայց դա ոչինչ չի որոշում ու ամեն խնդիր իր լուծումն ունի։

Կհաջողի այս բլոգը նախորդի պես՝ չգիտեմ։ Գուցե անգամ տասից քսան հոգի կարդա միայն։ Մեր մեջ ասած՝ ավելի լավ,  շատ ավելի անկեղծ կգրեմ։ Կարևորը՝ կգրեմ։ Անգամ եթե չհաջողի՝ էլի գրելու եմ։ Որովհետև հիմա, երբ վերադարձել եմ ինքս իմ մոտ, ավելի սուր եմ ատում կիսատությունը, նաև՝ կիսատ թողած գաղափարները, աշխատանքը, թեմաներն ու մտքերը,  որովհետև այդ կիսատության շնորհիվ էի կորցրել ինձ։ Իսկ գտածդ չպիտի կորցնես։ Հատկապես եթե վերադարձողներից չես ու հեռանում ես միայն ծայրահեղ իրավիճակներում։ Ինքս ինձ եմ գտել, դրանից ավելի լավ բան կա՞։

Ուրեմն, ժամանակն է վերադարձնել այն, ինչ ինձ դարձրեց այն, ինչ կամ։ Խորդուբորդ նախադասասություն ստացվեց, բայց չեմ փոխի որոշել ենք, որ չեմ խմբագրվում։

Օրը կիրակի է, վաղը կսկսի աշխատանքային շաբաթը։ Ոնց բլոգում էի անում, այստեղ էլ՝ մաղթում եմ ձեզ լավ օր, վստահ եմ՝ այն կարող եք ապրել ու կառուցել այնպես, ինչպես ինքներդ ուզեք։ Կյանքը կառավարելի է՝ եթե ունես բավական համարձակություն՝ պատասխանատվություն վերցնելու քո բոլոր օրերի համար։

Այսօրվա իմ հիմնական պատասխանատվությունը սուրճս է, ու եթե ցերեկվանը լավը չէր, երեկոյի սուրճի որակը կախված է բացառապես ինձնից։ Ուրեմն, գնամ նոր էլեկտրական թեյնիկ գնելու։ Իսկ շաբաթվա ընթացքում ձեզ կպատմեմ մի գրական հերոսի մասին, որն առհասարակ սուրճ չի խմում։ Եվ ունի շուրթի վերևում նկատելի բեղիկներով տատիկ-ընկերուհի, որը երբ համբուրում է այտդ՝ ծակծկում է քեզ։ Տատիկի ընկեր հերոսը նաև շատ քիչ է խոսում, բայց՝ շատ է գրում։ Անունն Օսկար է, գրքի անունն էլ՝ «Ես Օրացույցն եմ»։ Մնացածի մասին՝ հաջորդիվ, ավելի մանրամասն։

Կապի մեջ։


Comments

Post a Comment

Popular posts from this blog

Ավելորդ քաշ, նոր ֆենթըզի վեպ, ռեժիմ

Եթե ձեզ առաջարկեն՝ կռվել դրակոնի դեմ, կամ հենց այս պահին կշռվել, ինչ եք կարծում՝ ի՞նչ գույնի դրակոն կընտրեք։ Շատերի խիզախությունը չի հերիքի հիմա նայել ո՛չ իրականության, ո՛չ էլ՝ կշեռքի աչքերի մեջ։ Ի դեպ, եթե ինքնախարազանմամբ եք զբաղվում՝ դադարեցրեք, որովհետև սթրեսային վիճակում շատ ուտելը օրգանիզմի բնական ռեակցիա է՝ դեռևս  հնուց սերող։ Ոչ մի բարդ քիմիա չկա, հասարակ ու պարզ բացատրություն ունի․ ուտելիս մեզ ավելի ապահով ենք զգում, հանգիստ, իրավիճակը վերահսկելի է թվում։ Հենց սրա համար է, որ լարված ժամանակ ուտելու ցանկություն ունենք։ Բայց նաև հենց սրանից է, որ մերպեսների համար հոգեբանները ստեղծել են հատուկ՝ stress eating տերմինը, որը գործնականորեն ակտիվ կիրառում ենք համայն հայությամբ՝ ներկայիս օրերին։ Բայց եկեք մի կարևոր բան հասկանանք․ եթե օրգանիզմը հակում ունի սնվելով պաշտպանվածության միֆ հորինելու՝ չի նշանակում, թե այն կառավարել հնարավոր չէ։ Անընդհատ ու անընդմեջ ծամելու փուլը ես շատ արագ փակեցի, ու հիմա ոչ միայն  ավելորդ քաշ չեմ հավաքում, այլ անգամ քաշ եմ կորցնում։ Երեք պարզ գործողությո

Կարդալ Խակամադա, սիրել Խակամադա, լինել Խակամադա

Եթե այս անգամ ինձնից սպասում եք լուրջ, օբյեկտիվ գրախոսական, որտեղ ես պատմելու եմ գրքի դրական ու բացասական կողմերի, շարահյուսության, անցումների, պիտանելիության ու այլ բաների մասին՝ փակեք էջը։ Փակեք, գնացեք-բացեք պատուհանը, աչքերով զբոսնեք դրսերում՝ շատ ավելի օգտակար կլինի։ Այսօր գրախոսական չի լինելու։ Միայն՝ սիրո խոստովանություններ, կույր հիացմունք՝ անգամ ոչ թե գրքի, այլ մարդու՝ գիրքը գրած մարդու նկատմամբ։ Կներեք, որ կոտրում եմ ձեր գրքասեր սրտերը, բայց ի՞նչ անեմ։ Ես սիրում եմ Խակամադային ու վերջ, ու չէի կարող առիթը չօգտագործել՝ էդ սերն արտահայտելու համար՝ գրքի մասին, իբր, գրախոսական գրելով։ Բայց գուցե էս անկեղծ էմոցիաներն էլ հենց համոզե՞ն գիրքը կարդալ։ Հաստատ արժի, մեծ բան եք կորցնելու չկարդալով։    Ես չեմ ճանաչում ուրիշ էս տեսակ կնոջ։ Տարածված կարծիք կա, չէ՞, որ մարդը կամ պիտի շատ պրակտիկ-չոր լինի, կամ՝ ավելի վերերկրային, տիեզերական էներգետիկաներում։ Խակամադան էս պնդման սխալական լինելու քայլող ապացույցն է։ Էս կինը հողի վրա բիզնես է անում, հետո՝ երեկոյան՝ մեդիտացիաներով թռնում է ա