Skip to main content

Կարդալ Խակամադա, սիրել Խակամադա, լինել Խակամադա


Եթե այս անգամ ինձնից սպասում եք լուրջ, օբյեկտիվ գրախոսական, որտեղ ես պատմելու եմ գրքի դրական ու բացասական կողմերի, շարահյուսության, անցումների, պիտանելիության ու այլ բաների մասին՝ փակեք էջը։ Փակեք, գնացեք-բացեք պատուհանը, աչքերով զբոսնեք դրսերում՝ շատ ավելի օգտակար կլինի։ Այսօր գրախոսական չի լինելու։ Միայն՝ սիրո խոստովանություններ, կույր հիացմունք՝ անգամ ոչ թե գրքի, այլ մարդու՝ գիրքը գրած մարդու նկատմամբ։ Կներեք, որ կոտրում եմ ձեր գրքասեր սրտերը, բայց ի՞նչ անեմ։ Ես սիրում եմ Խակամադային ու վերջ, ու չէի կարող առիթը չօգտագործել՝ էդ սերն արտահայտելու համար՝ գրքի մասին, իբր, գրախոսական գրելով։ Բայց գուցե էս անկեղծ էմոցիաներն էլ հենց համոզե՞ն գիրքը կարդալ։ Հաստատ արժի, մեծ բան եք կորցնելու չկարդալով։
   Ես չեմ ճանաչում ուրիշ էս տեսակ կնոջ։ Տարածված կարծիք կա, չէ՞, որ մարդը կամ պիտի շատ պրակտիկ-չոր լինի, կամ՝ ավելի վերերկրային, տիեզերական էներգետիկաներում։ Խակամադան էս պնդման սխալական լինելու քայլող ապացույցն է։ Էս կինը հողի վրա բիզնես է անում, հետո՝ երեկոյան՝ մեդիտացիաներով թռնում է աստրալ՝ ֆռֆռալու ու կարգի բերելու չակրաները։
Չեմ հիշում՝ երբ էր, բայց մի քանի տարի առաջ լսեցի իր մասին ու շատ գրավեց ինձ՝ ճապոնացու ազգանունով ու դիմագծերով, սիրուն ժեստերով ու ինքնավստահ հայացքով նախկին քաղաքական գործիչը, Ռուսաստանի քաղաքականության ամենահավես դեմքերից մեկը։ Բայց իրեն քաղաքական գործերի համար չէ, որ սիրում եմ։ Այլ՝ ուժի, համառության, անընդհատ սովորելու, ներքին անչափելի խաղաղության, գրագետ կերպով ու գիտակից երջանիկ լինելու համար։
Չեմ կարող, ուղղակի չեմ կարող օբյեկտիվ լինել, որովհետև էս կինը մարդու էն տեսակի մարմնավորումն է, որին ես ձգտում եմ, որի հետ լիքը նմանություններ եմ տեսնում։ Ու որքան ավելի ճանաչում եմ ինձ ու աշխատում եմ ինձ վրա, այնքան ավելի շատ եմ հարազատանում հետը։ Մի հոսքի վրա ենք, մի ուղու վրա ենք, նույն բիթի վրա ենք՝ չնայած, որ բացարձակ տարբեր ոլորտներում ենք,  կատեգորիկ տարբեր ենք՝ անգամ երաժշտության նախընտրության հարցում։ Բայց ներքին համոզմունքները, կյանքի պատկերացումները նույնն են։ Խակամադան՝ արդեն եփված կյանքի բարդություններում ու փոփոխություններում, ճարպիկ, հասուն, խաղաղ։ Ես՝ կյանքի բարդությունները նոր-նոր հաղթահարել սովորող, խաղաղություն փնտրող ու տեղ-տեղ գտնող, անընդհատ աճել ու սովորել փորձող։ Բայց ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Խակամադան մի օրում չեն կառուցվել, ու եթե դուք էլ եք սիրում ինքնաբավ ու ինքն իրեն գտած մարդկանց տեսակը, եթե չեք վախենում մեծ երազնանքներ ունենալուց, եթե մեր թիմից եք,  ուրեմն կսիրեք իրեն, ու իր գրքերը ձեզ շատ կօգնեն։ 





Ու իսկապես՝ կօգնեն, որովհետև կարևոր շեշտ են դնում մարդու հոգու աճի վրա, ինչը ամենակարևորն է։ Սովորեցնում են ներս նայել, ու պարզում ես, որ քեզնից ավելի հետաքրքիր ու ավելի կարևոր ոչինչ չկա։ Որովհետև հենց քեզ գտնում ես՝ երջանկությունն էլ ես գտնում։ Սովորում ես անկախ բոլոր խնդիրներից ինքդ քեզ համար էներգետիկ ռեսուրսներ ստեղծել, ու ըստ դրանց փոխել քեզ որ կողմ ուզում ու պատկերացնում ես՝ ազատվել բնավորության վատ գծերից, անհաջողություններից, բողոքելուց ու մեղավորներ փնտրելուց։ Միայն ներս ես նայում, ներսն ես տեսնում, ու էդ առողջ եսակենտրոնացումը բերում է շատ առողջ սիրո՝ ինքդ քո նկատմամբ, որն էլ վերափոխվում է մեծագույն սիրո՝ ուրիշների, աշխարհի կողմից։ Սիրո, և ոչ՝ կախվածության, էս երկուսը մարդիկ շատ են իրար հետ խառնում։ Բայց քանի դեռ ինքներդ ձեզ հետ չեք աշխատում ու ձեզ չեք ճանաչում՝ բոլոր սերերը կախվածություն են լինելու՝ սա միշտ հիշեք։ Առողջ սիրո համար պիտի նախ ինքներդ առողջ լինեք՝ հատկապես ներսից, ամենա-ամենա ներսից։
Շեղվեցի։ Բայց, ընդհանուր առմամբ, Խակամադան հենց էս ամենի մասին է։ Այս գիրքը՝ հատկապես։ Սրանք, իհարկե իմ մտքերն են ու վերջին ժամանակների զգացողությունները։ Բայց Խակամադայի «Ռեստարտը» լավ  սկիզբ կարող է դառնալ ձեր ներսը փորփրելու ու հասկանալու համար։
Քանի շեղվել ենք, ու էս գրախոսականն էլ ոչ մի կերպ իսկական գրախոսական չի դառնա, այլ միայն հիացմունքի  մենախոսություն է՝ իմ երազանքներից մեկի մասին ասեմ։ Ռուսների հետ կապված երկու երազանք ունեմ առաջինը՝ մի օր երկար առնանձազրույց ունենալ Իրինա Խակամադայի հետ, կամ գոնե մասնակցել իր թրեյնինգներից մեկին։ Երկրորդը՝ մասնակցել արվեստաբան Միխայիլ Կազինիկի դասախոսություններին։ Ի դեպ, ընտիր գիրք ունի արվեստաբանության մասին, որը ոչ մի կերպ չեմ գտնում` հատկապես էս կարանտինային օրերին, բայց շատ-շատ-շատ եմ ուզում։ Օնլայն կա, բայց անպայման պիտի տպագիր կարդամ դա օնլայն կարդալու գիրք չի, պիտի մատիտով էջ առ էջ ընդգծես։ Հուսանք՝ մի օր կճարեմ  Тайны гениев-ն ու մեծագույն սիրով կգրեմ էդ գրքի մասին։ Խոստանում եմ՝ սիրային զեղումների հնարավորինս քիչ  արտահայտումներ, ավելի շատ խոսք, վերլուծություն, լուրջ-իսկական-մարդավարի գրախոսական։
Իսկ հիմա, գնացեք ու գտեք Խակամադայի գիրքը։ Հետևեք Ինստագրամում , նայեք շատ հետաքրքիր ու ուսուցողական վիդեոները  Յութուբում, իր մասին էլ ավելի շատ տեղեկատվություն կարող եք կարդալ իր անձնական կայքում։ 
Մի խոսքով, վայելեք։ Ինձնից էլ որպես բոնուս՝ չորս մեջբերում գրքից։

1․Сложный человек не боится перемен, он сам переменчив и готов ко всему новому, скорее чувствуя, чем просчитывая, свежие тренды. Сложный человек счастлив в постоянном развитии, а не в параноидальном стремлении укрепить стабильность вокруг себя.

2.принцип Дао: чтобы добиться чего-то, начни с противоположного. Чтобы стать успешным среди людей, возьми паузу. Обратись к рациональному и придешь к иррациональному. Хочешь научиться полезному уединению, обратись к общению с интересными людьми. Хочешь быть интуитом, устань от практической логики.

 3. Кто решил остаться в прошлом, потеряет все. Кто слишком спешит, тоже теряет все. Держим баланс и двигаемся, не стоим на месте. Здесь и сейчас и с прицелом на шаг вперед.

4.Не будьте камнем на дороге, двигайтесь.

Հգ Կյանք ա, չէ՞։ Ես զգուշացրել էի։


Comments

Popular posts from this blog

Ավելորդ քաշ, նոր ֆենթըզի վեպ, ռեժիմ

Եթե ձեզ առաջարկեն՝ կռվել դրակոնի դեմ, կամ հենց այս պահին կշռվել, ինչ եք կարծում՝ ի՞նչ գույնի դրակոն կընտրեք։ Շատերի խիզախությունը չի հերիքի հիմա նայել ո՛չ իրականության, ո՛չ էլ՝ կշեռքի աչքերի մեջ։ Ի դեպ, եթե ինքնախարազանմամբ եք զբաղվում՝ դադարեցրեք, որովհետև սթրեսային վիճակում շատ ուտելը օրգանիզմի բնական ռեակցիա է՝ դեռևս  հնուց սերող։ Ոչ մի բարդ քիմիա չկա, հասարակ ու պարզ բացատրություն ունի․ ուտելիս մեզ ավելի ապահով ենք զգում, հանգիստ, իրավիճակը վերահսկելի է թվում։ Հենց սրա համար է, որ լարված ժամանակ ուտելու ցանկություն ունենք։ Բայց նաև հենց սրանից է, որ մերպեսների համար հոգեբանները ստեղծել են հատուկ՝ stress eating տերմինը, որը գործնականորեն ակտիվ կիրառում ենք համայն հայությամբ՝ ներկայիս օրերին։ Բայց եկեք մի կարևոր բան հասկանանք․ եթե օրգանիզմը հակում ունի սնվելով պաշտպանվածության միֆ հորինելու՝ չի նշանակում, թե այն կառավարել հնարավոր չէ։ Անընդհատ ու անընդմեջ ծամելու փուլը ես շատ արագ փակեցի, ու հիմա ոչ միայն  ավելորդ քաշ չեմ հավաքում, այլ անգամ քաշ եմ կորցնում։ Երեք պարզ գործողությո

Դարձ ի շրջանս յուր

Չգիտեմ՝ ինչ են գրում վերադարձների դեպքում։ Ես սովորաբար չեմ վերադառնում, որովհետև՝ առհասարակ գնացողներից չեմ, իսկ եթե գնացի էլ, ուրեմն՝ վերադարձի կետը գոյություն չունի այլևս, հետևաբար՝ վերադառնալու տեղ էլ չկա։ Պարզ է։ Հեշտ։ Ընկալելի։ Բայց ի՞նչ անել, եթե վերադառնում ես ոչ թե ինչ-որ մեկի մոտ, այլ ․․․ հենց քո։ Կամ գուցե վերադարձնո՞ւմ ես քեզ։ Քեզ բերում ես քեզ մոտ։ Քեզ հանդիպացնում ես քո հետ։ Նստում խոսում եք՝ դու ու դու, հետո գուցե խմում Դուդու, առնում դուդուկ, ուտում ֆունդուկ ․․․ Հասկացանք, լավ, հանգեր բռնել կարողանում եմ, բայց ինքս ինձ ո՞նց պիտի բռնեմ, որ էլ չկորցնեմ, որ հետո էլ կարիք չլինի հասկանալու՝ հիմա վերադարձել եմ, թե՝ վերադարձրել։ Ընդամենը մեկ «ր»-ի պատմություն է, բայց ինչքան բան է փոխում։ Գուցե հասկանալ էլ պետք չի ․ ինչ կարևոր է վերադարձա, թե վերադարձրի, կարևորը՝ տեղում եմ, այստեղ եմ, սպասել ու հասել եմ, հիմա էլ՝ գրում եմ։ Այն ֆորմատով, որից սկսեց ամեն ինչ։ Որը հետո դարձավ գրական տեքստերի հիմք։ Ու գրում եմ ճիշտ նույն տեխնիկայով՝ ուղղակի բացել ու տպում եմ՝ չեմ խմբագրում, չեմ մտ