Skip to main content

Աղջիկ ջան, լա՜վ էլի. Ռեյչլ Հոլիս ու 10+10+1





Հունիսից առավոտյան ութին եմ զարթնելու։ Լսեցի՞ք դխկոցը․  ինձ ճանաչող մարդիկ էին, հենց նոր մեջքի վրա ընկան։ Իմ մտերիմները հրաշալի գիտեն՝ ինձ չի կարելի զանգել մինչև ժամը տասներկուսը։ Ավելի ճիշտ՝ իմաստ չունի․ կոմունիկացիայի բոլոր միջոցները դրած են անձայն ռեժիմի վրա։ Ամեն գիշեր հարևաններին սկոչում եմ անկողիններում, որ չշարժվեն՝ քանի դեռ քնած եմ։ Բայց հրաշք է տեղի ունեցել․ մեկ ամսից ավել է՝ տասին եմ արթնանում։ Սա այնքան անհավանական է, որ ընկերներիցս մեկը ութ օր շարունակ առավոտյան վիդեոքոլլ էր անում հետս՝ տեսնելու՝ ոնց եմ այդ սարսափելի  շուտ ժամին հագած-կապած-քսված նստած։
Սա իմ անձնական որոշումն էր, ոչ մի գիրք չի հուշել էս մասին։ Շատ պատահաբար եմ հասկացել, որ ուշ զարթնելը վատ սովորություն է։ Երբ սկսեց կյանքիս ռիթմը փոխվել, լիքը նոր հետաքրքրություններ ու պարտականություններ ավելացան՝ պարզվեց, որ ուշ զարթնելը խնդիր է դառնում, ու հետը պետք է աշխատել։ Իսկ իմացա վատ սովորության մասին ահա ինչպես․ վերցրել եմ թուղթ, գրել իմ բոլոր բացասական գծերը, սովորությունները, կախվածությունները։ Ամեն-ամեն ինչ, ամենափոքր կենցաղային հարցերից մինչև հոգեկան տրավմաներ։ Հետո ամեն մեկն առանձին-առանձին քննարկել եմ հետս, հասկացել եմ դրա հոգեբանական, ենթագիտակցական կողմերը, պարզել եմ՝  որ կողմ պիտի փոխվեն, ինչպես պիտի փոխվեն, երբ պիտի փոխվեն։ Դրա համար էլ գիտեմ․ հունիսին ես ութին եմ զարթնելու, որովհետև հունվարին, երբ ես զարթնում էի տասներկուսին, գիտեի, որ մարտին ես զարթնելու եմ ժամը տասին․ ցուցակն արդեն կար, և ես բոլոր ֆրոնտերով փոխում էի ինձ՝ առանց դադար վերցնելու։ Միշտ չէ, որ սուպերհերոսները փրկում են աշխարհը։ Երբեմն նրանք սովորում են օդափոխել սենյակը, զարթնել մի քանի ժամ շուտ ու փոխում են բնավորությունը՝ այդպիսով փոխելով իրենց անձնական աշխարհը։
Դե պատկերացրեք, թե Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, մի արդարացիր» գիրքը կարդալիս որքան ուրախացա, երբ տեսա, թե ինչքան է կարևորում շուտ արթնանալը։ Ստացվում է՝ ճիշտ ուղու վրա եմ, եթե ենթագիտակցորեն հասել եմ նույն այն մտքերին, որոնք խորհուրդ է տալիս անձնական աճում բավական երկար փորձառություն ունեցող մեկը։ Բայց եկեք հերթով պատմեմ։
Չէ, պատմությունը ռոմանտիկ չի սկսվելու։ Չեմ կարող ասել, իբր՝ անհույս նարկոման էի, հերոինի համար կծախեի սեփական կակտուսիս, մի օր թմրանյութ գտնելու հույսով քանդում էի աղբարկղն ու օ՜ հրաշք, գտա այս գիրքը, և այն փոխեց իմ կյանքը, հիմա ամուսնացած եմ միլիարդատիրոջ հետ, որն, ի դեպ, ռոստովահայ ավտարիտետից միլիարդատեր է դարձել վերջին տասներկու օրում իմբիր ծախելով, էս պահին թռնում ենք Իբիցիա, էնպես որ՝ կներեք, խառն եմ, հետո կզանգեմ, չա՛ո։
Ոչ էլ կարող եմ պատմել, իբր՝ չորս երեխաներով միայնակ մայր եմ, մի օր գնացել էի ինձ տիգրովկա լասինաներ գնելու, ճամփին գրախանութ տեսա, գրքի շապիկի սվիտերը դուրս եկավ, ասեցի առնեմ։ Գնեցի, կարդացի, երեխեքին բրախել եմ, ու հիմա էն վերևի նախկին թմրամոլ կնոջ հետ նույն ինքնաթիռով ես էլ եմ թռնում Իբիցա, էնպես որ՝ հաստատ, չաո։ Չեմ կարող ստել․ ատում եմ կենդանական պրինտով ցանկացած հագուստ, հաստատ չէի առնի։ 
Կարանտինյան ցերեկ էր։ Որոշեցի ծնողներիս հետ ճաշել։ Ու մինչ ուտեստը պատրաստվում էր, իմ  սենյակի գրադարակում տեսա էս գիրքը։ Էնպես է ստացվել, որ մինչ ամբողջ աշխարհը բողոքում է փակված լինելուց, ձանձրանալուց ու պարապությունից, ես, ինչպես արդեն հասկացաք, ամեն օր փոխվում եմ․ լավ է հնչում, բայց երբեմն դժոխային է, Բիլլի Միլիգանը գլուխը պատով է տվել։ Օրը բացվում է, ու չես կարող կանխատեսել՝ ով ես դու ու ինչ ցավի տակ ես դնելու գլուխդ, ամեն օր դեբիլի պես կանգնում հայելու առաջ, ներկայանում եմ, պատմում այդ օրվա ցանկություններիս մասին։ Ու ամեն օրը մյուսից աբսուրդային է անցնում, էլ ավելի բարդ հանձնարարություններ եմ ինձ համար կազմում, ավելի վերև նպատակներ, ավելի հստակ, ավելի խառը որոշումներ։ Գրողը ինձ տանի, լավ չէ՞ր մի քանի ամիս առաջ, հարմար պառկած դեգրադանում էի։
Իրականում, լավ չէր։ Որովհետև լուրջ խնդիրների առաջ կանգնեցի, ու մի քանի խոշոր ու անդառնալի սխալներ թույլ տալուց հետո որոշեցի՝ նախ՝ փորձել ամեն կերպ ներել ինձ, իսկ ինքդ քեզ ներելու համար պետք է այլևս ոչ մի օր հնի պես չապրես, ու ինքդ քեզ ամեն օր ապացուցես, որ նույնը չես։ Ամեն օր, ամեն օր, ամեն գրողի տարած օր։  Հետո՝ հարցը միայն անձնական դաշտում չէր, այլ նաև մասնագիտական։ Իմ պատկերացրած վեպը շատ ավելի լավն է, քան՝ ես ինքս, ես իրեն չեմ կարողանա ավարտել՝ եթե չփոխվեմ ու չդառնամ ավելի լավը, ուղղակի չի ստացվի։ Եվ չնայած ես իրեն կամաց-կամաց գրում եմ, ընթացքում շատ գիտելիք ու փորձառություն պիտի հավաքեմ, և դա չեմ կարող անել՝ եթե  չդառնամ իմ անձնական «փորձարկումների լաբորատորիան»։ Ինձ հետաքրքիր էր՝ ինչերի կարող եմ հասնել, եթե որոշեմ այս անգամ չհանձնվել։
Տարածքը, որտեղ դու ապրում ես, կարող է հարթակ դառնալ նոր կյանք կառուցելու համար կամ, հակառակը, կարող է լինել խարիսխ, որը քեզ անընդհատ հետ է քաշում դեպի ալիքները։ Ռեյչլ Հոլիս

Դեռ չեմ հանձնվել, ու չեմ էլ պատրաստվում։ Քանի որ անկանխատեսելի եմ, ամեն օր գրառումներ եմ անում անցած օրվա մասին՝ ինքս ինձ պատմելով փոփոխություններս՝ ֆիզիկական ու հոգեկան, զգացողությունները, գրելով բոլոր վարժությունները, որոնք օգնում են ինձ կոփվել ու հիմնովին փոխվել՝ մարմնից սկսած մինչև բնավորություն․ կարծում եմ, մի քանի ամիս անց շատ հետաքրքիր կլինի թերթել ու հասկանալ՝ ոնց էր ճանապարհը կառուցվում։ Գեղարվեստական վեպս եմ գրում, բայց դրա փոխարեն վայթե բլոկնոտ-գրիչով էլ մոտիվացիոն գիրք եմ գրում ինձնից անկախ։ Չբռնե՞մ տպեմ, ինքդ քեզ փոխելու, սեփական հերդ անիծելով առաջ գնալու, բնավորությունդ քթերովդ կաթիլ-կաթիլ բերելով ուզածդ մարդը դառնալու մասին գիրք կստացվի․ լավ վերնագիր եմ մտածել, կարող եմ անունը դնել, ասենք՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»․․․Հմ, կարող ա՞ էսպիսի գիրք արդեն կա։ Դժվար։ Եթե տափակ հումորների մրցույթ լինի, ես առաջին հորիզոնականն եմ զբաղեցնելու։ Լավ, հերիք ցինիկանանք։

Ես ամեն օր մի քանի թերթ պատմելու բան ունեմ աշխարհին, բայց իմ աշխարհում ոչ մեկը չկա, որ հետս կիսի, ամեն մեկն իր դարդը կամ ինքնախաբեությունը գրկել-նստել է, էս փուլում դժվար է այլ կերպ գոյատևել։ Հետո, ծանր ժամանակներ են, չես էլ կարող մարդկանցից այդքան շատ ռեսուրս ակնկալել։ Առհասարակ, ես սկսել եմ  փորձել ոչ մեկից ոչինչ չակնկալել, ու սա էդ գիծը կոփելու լավ շրջան է։ Այն ահավոր դժվար ես ձեռք բերում, բայց արժի։ Շատ խորհուրդ եմ տալիս։ Դրա համար հիմա ինքս ինձ փոխում եմ, ինքս ինձնով ուրախանում, ինքս ինձ մոտիվացնում՝ կարանտին, ուրեմն՝ կարանտին։  Ու երբ դարակում գտա Ռեյչլին, մտածեցի, որ մոտիվացիոն գիրքը գոնե հաստա՛տ ինձ կհասկանա։ Գոնե կզգամ, որ աշխարհում մեկը իմ պես է մտածում ու շարժվում, անցել կամ անցնում է իմ անցած փուլերով։ Ի վերջո հետաքրքիր է, իմ ամենօրյա օրագրային գրառումները նմա՞ն են գրքին։

Ռեյչլը հինգ օրվա լավ ընկեր դարձավ։ Շատ լավ ընկեր։ Որովհետև սպանեց մենակությունը։ Ասեմ ձեզ՝ գիրքը հիմարություն կթվա, եթե սխալ պահի այն կարդաք։ Ես ուղղակի ճիշտ պահին ճիշտ տեղում էի հայտնվել, ու իրոք, ընկերոջ կարիք ունեի․ իմ պես պատը գլխով տվող, սխալվելուց չվախեցող, մեղքի զգացումի հետ աշխատող, աճելուց ու փոխվելուց հաճույք ստացող մեկի։ Եթե դուք էլ եք էդ ճանապարհի վրա՝ էս փակ օրերի մեջ մենակ չի թողնի։ Չի թողնի թևաթափ լինեք, շատ կժպտաք, որովհետև ձեր մտածած շատ կետեր էստեղ կհանդիպեք։ Հետո, շատ հավես սխեմա է առաջարկում՝ 10+10+1 բանաձևը՝ նպատակներին հասնելու համար, սա ֆիքսեք, որ կիրառեք։ Եթե կարճ, բանաձևն էսպիսին է՝ ունենալ տասը երազանք՝ տասը տարվա համար, ու դրանցից մեկը դարձնել նպատակ։ Կենտրոնանում ես միայն մեկ ցանկության վրա, ոչ թե քեզ հազար մասի բաժանում։ Ու ինքդ էլ կզարմանաս՝ տեսնելով, թե ինչպես մեկ նպատակի վրա լիարժեք կենտրոնանալով ինքն իրեն կյանքի այլ ոլորտներ էլ են հարթվում՝ մինչդեռ այն ժամանակ ամեն ինչից մի քիչ-մի քիչ կծմծում էիր, ու արդյունք չէիր գրանցում։ Գրքում Ռեյչլն ավելի մանրամասն է պատմում սրա մասին։

Մոտիվացիոն գրքերը հիմնականում աղբ են՝ էժանագին, պարզունակ, ոտքից գլուխ սուտ։ Ռեյչլը անկեղծ է գրել, ու սա ասում եմ ոչ թե գրքի հիման վրա, այլ՝ իմ, որովհետև ես հատիկ-հատիկ զգացել ու զգում եմ, անցնում եմ էն բոլոր փուլերով, որոնց զգացողությունը ապահովում է տողատակերով։ Երբ մի օր կանգնում ու ասում ես՝ աղջիկ ջան, լա՜վ էլի, հերիք քեզ վարի տաս, հերիք քեզ սպանես։ Ստոպ, բեյբի, էս ուր ես գնում՝ ես ստեղ կանգնած եմ՝ ես՝ քո իսկական, ուժեղ, սիրուն, ստեղծարար տեսակը։ Փոխվում ենք, վերջ, հերի՛ք եղավ։
Լողալ սովորելու հարյուր ու մի ձև կա, իսկ խորտակվելու՝ մի պարզ ձև, այն է՝ չընդունել, որ խորտակվում ես։ Ռեյչլ Հոլիս

Խաղաղ, փափուկ գիրք է, էն տնային սվիտերի պես, որ վրան լաքաներ ես արել ու մենակ տանն ես հագնում։  Հիմա մեզ հատկապես պետք են նման գրքերը։ Օրինակ, սկսել էի Պրուստ կարդալ, ու հասկացա, որ տեղից էլ դրսում ճնշող մթնոլորտ է, ուղեղդ էլ լարում ես ծանր գրականությամբ, փիլիսոփայությամբ ու սկսում ես խեղդվել։ Հիմա ավելի օգտակար կլինեն թեթև գրքերը՝ ավելի մոտիվացիոն, ուրախ։ Ռեյչլը շատ մտերմիկ է գրում, ընկերական տոնայնությամբ, հստակ շեշտադրությամբ՝ կոնկրետ լուծումներ առաջարկելով։ Այն է, ինչ պետք է այս ժամանակահատվածի համար։
Կորոնավիրուսից դուրս գալուց հետո էս գիրքը հաստատ կհիշեմ։ Մենակ նրա համար, որ գիտեի․ երբ ձևաթղթի վրա խաբել  գրել եմ, որ իբր գնում եմ դեղատուն, բայց իրականում դուրս եմ եկել քայլելու՝ տանը ինձ սպասող կա, ու անգամ եթե էդ սպասողը գիրք է, ու անգամ եթե քո գաղափարները, անելիքները, քո չորս հասակի չափ մեծ երազանքները կիսողը գիրք է՝ կա, սպասում է, տանն է։ Կգաս, կկարդաս, հետո քո անձնական նշումները կանես ու կուրախանաս։ 
Կարդացեք, լավ բաներ կարդացեք։ Լավ գրքերը միշտ չեն, որ պիտի հանճարեղ լինեն։  Եթե մեկին ասեք՝  Պրուստ կարդացող մարդը թիթիզ Ռեյչլի մասին գրառում է արել՝ էլի դխկոց կլսեք․մեջքի վրա կընկնեն մտերիմներիս կողքին ու չեն հավատա իրենց լսածին։ Բայց հա, էդպես լինում է։ Լինում է, որովհետև ուղեղը նորությունների ու փոփոխությունների կարիք ունի։ Որովհետև ընթերցանությունը ևս մարզանք է, ու պետք է սովորել կարդալ և՛ շատ բարդ ու գիտելիքի մեծ պաշար ակնկալող, և՛ թեթև, ժպտացնող ու ոգևորող գրականություն։ Բոլորն իրենց տեղում կարևոր են։ Կարող է էսպիսի մի գիրք հանդիպի հերանց տան գրադարակում, ու պարզվի, որ իսկական ընկեր է դառնալու, որովհետև շատ լարված, բայց քեզ համար շատ կարևոր փուլում ես հետը հանդիպել։ 

Այնպես որ, անգամ փակ վիճակում շարունակեք մնալ մոտիվացված, ուրախ, պրոդուկտիվ ու շատ աշխատեք ձեզ վրա, հնարավորինս շատ։ Ես էլ հաստատ հունիսից առավոտյան ութին եմ զարթնելու։ Խնդրեմ, ևս մեկ ընկեր դխկոցով շուռ եկավ հատակին։ Բռնելու եմ իսկապես էս նշումներս դարձնեմ մոտիվացիոն գիրք, միասին խմբով ինքնասպ․․․Աստված իմ, արդեն հատակն են փորում, որ ավելի ներքև դխկան ապշանքից, սպասեք փրկեմ սրանց։

Comments

Popular posts from this blog

Ավելորդ քաշ, նոր ֆենթըզի վեպ, ռեժիմ

Եթե ձեզ առաջարկեն՝ կռվել դրակոնի դեմ, կամ հենց այս պահին կշռվել, ինչ եք կարծում՝ ի՞նչ գույնի դրակոն կընտրեք։ Շատերի խիզախությունը չի հերիքի հիմա նայել ո՛չ իրականության, ո՛չ էլ՝ կշեռքի աչքերի մեջ։ Ի դեպ, եթե ինքնախարազանմամբ եք զբաղվում՝ դադարեցրեք, որովհետև սթրեսային վիճակում շատ ուտելը օրգանիզմի բնական ռեակցիա է՝ դեռևս  հնուց սերող։ Ոչ մի բարդ քիմիա չկա, հասարակ ու պարզ բացատրություն ունի․ ուտելիս մեզ ավելի ապահով ենք զգում, հանգիստ, իրավիճակը վերահսկելի է թվում։ Հենց սրա համար է, որ լարված ժամանակ ուտելու ցանկություն ունենք։ Բայց նաև հենց սրանից է, որ մերպեսների համար հոգեբանները ստեղծել են հատուկ՝ stress eating տերմինը, որը գործնականորեն ակտիվ կիրառում ենք համայն հայությամբ՝ ներկայիս օրերին։ Բայց եկեք մի կարևոր բան հասկանանք․ եթե օրգանիզմը հակում ունի սնվելով պաշտպանվածության միֆ հորինելու՝ չի նշանակում, թե այն կառավարել հնարավոր չէ։ Անընդհատ ու անընդմեջ ծամելու փուլը ես շատ արագ փակեցի, ու հիմա ոչ միայն  ավելորդ քաշ չեմ հավաքում, այլ անգամ քաշ եմ կորցնում։ Երեք պարզ գործողությո

Կարդալ Խակամադա, սիրել Խակամադա, լինել Խակամադա

Եթե այս անգամ ինձնից սպասում եք լուրջ, օբյեկտիվ գրախոսական, որտեղ ես պատմելու եմ գրքի դրական ու բացասական կողմերի, շարահյուսության, անցումների, պիտանելիության ու այլ բաների մասին՝ փակեք էջը։ Փակեք, գնացեք-բացեք պատուհանը, աչքերով զբոսնեք դրսերում՝ շատ ավելի օգտակար կլինի։ Այսօր գրախոսական չի լինելու։ Միայն՝ սիրո խոստովանություններ, կույր հիացմունք՝ անգամ ոչ թե գրքի, այլ մարդու՝ գիրքը գրած մարդու նկատմամբ։ Կներեք, որ կոտրում եմ ձեր գրքասեր սրտերը, բայց ի՞նչ անեմ։ Ես սիրում եմ Խակամադային ու վերջ, ու չէի կարող առիթը չօգտագործել՝ էդ սերն արտահայտելու համար՝ գրքի մասին, իբր, գրախոսական գրելով։ Բայց գուցե էս անկեղծ էմոցիաներն էլ հենց համոզե՞ն գիրքը կարդալ։ Հաստատ արժի, մեծ բան եք կորցնելու չկարդալով։    Ես չեմ ճանաչում ուրիշ էս տեսակ կնոջ։ Տարածված կարծիք կա, չէ՞, որ մարդը կամ պիտի շատ պրակտիկ-չոր լինի, կամ՝ ավելի վերերկրային, տիեզերական էներգետիկաներում։ Խակամադան էս պնդման սխալական լինելու քայլող ապացույցն է։ Էս կինը հողի վրա բիզնես է անում, հետո՝ երեկոյան՝ մեդիտացիաներով թռնում է ա

Դարձ ի շրջանս յուր

Չգիտեմ՝ ինչ են գրում վերադարձների դեպքում։ Ես սովորաբար չեմ վերադառնում, որովհետև՝ առհասարակ գնացողներից չեմ, իսկ եթե գնացի էլ, ուրեմն՝ վերադարձի կետը գոյություն չունի այլևս, հետևաբար՝ վերադառնալու տեղ էլ չկա։ Պարզ է։ Հեշտ։ Ընկալելի։ Բայց ի՞նչ անել, եթե վերադառնում ես ոչ թե ինչ-որ մեկի մոտ, այլ ․․․ հենց քո։ Կամ գուցե վերադարձնո՞ւմ ես քեզ։ Քեզ բերում ես քեզ մոտ։ Քեզ հանդիպացնում ես քո հետ։ Նստում խոսում եք՝ դու ու դու, հետո գուցե խմում Դուդու, առնում դուդուկ, ուտում ֆունդուկ ․․․ Հասկացանք, լավ, հանգեր բռնել կարողանում եմ, բայց ինքս ինձ ո՞նց պիտի բռնեմ, որ էլ չկորցնեմ, որ հետո էլ կարիք չլինի հասկանալու՝ հիմա վերադարձել եմ, թե՝ վերադարձրել։ Ընդամենը մեկ «ր»-ի պատմություն է, բայց ինչքան բան է փոխում։ Գուցե հասկանալ էլ պետք չի ․ ինչ կարևոր է վերադարձա, թե վերադարձրի, կարևորը՝ տեղում եմ, այստեղ եմ, սպասել ու հասել եմ, հիմա էլ՝ գրում եմ։ Այն ֆորմատով, որից սկսեց ամեն ինչ։ Որը հետո դարձավ գրական տեքստերի հիմք։ Ու գրում եմ ճիշտ նույն տեխնիկայով՝ ուղղակի բացել ու տպում եմ՝ չեմ խմբագրում, չեմ մտ