Skip to main content

«Մանյունյան» ընթերցելու 4 պատճառ

Ոչ վաղ անցյալում Նարինե Աբգարյանի «Մանյունյան» ներկայացվեց հայերեն՝ Նարինե Գիժլարյանի թարգմանությամբ։  Ռուսերեն, բայց՝ հայերեն շեշտադրությամբ գրող Նարինեի հետ շփվելու համար  շնորհանդեսին անգամ Կամերային թատրոնը նեղլիկ էր թվում․ ասեղ գցելու, տվյալ պարագայում՝ գրքից տառ գցելու տեղ չկար։ Ու շատ երկար ժամանակ քաղաքը «Մանյունյայից» էր խոսում։ Հիացած էին, և հիացմունքն արդարացի է։ Խորհուրդ են տալիս ընթերցել՝ ռուսերենը, արդեն նաև՝ հայերենը՝ ասելով, որ չընթերցել ուղղակի չի կարելի։ Լավ հնչում է, սակայն այնքան էլ համոզիչ չէ։ Ահա ձեզ չորս պատճառ՝ բնօրինակը կարդացած, և թարգմանության ընթերցումը հերթագրած գրքասերից՝ «Մանյունյան» ընթերցելու համար։

1. Այն մանկական գիրք չէ

Երեխաների մասին պատմող գիրքը պարտադիր չէ, որ մանկական լինի։ Կարող են կարդալ նաև երեխաները, բայց մեծահասակաների համար դրանք նույնչափ հետաքրքիր են, որովհետև տողատակում «մեծական» հետքեր կգտնեն։ Իրականում, մեծանալու ընթացքում մենք «փչանում ենք» որպես ընթերցողներ՝ համարելով, որ «ավագ գրականությունը» պետք է լինի վիսկիով բաժակի,իրար հետ լուսացրած անծանոթների մասին, որտեղ կինը առավոտյան պետք է արթնանա ու հագնի տղամարդու վերնաշապիկը, նայի պատուհանից դուրս ու ինչ-որ վեհ ու անտեղի մտքեր մտմտա։ Մինչ կարդում ենք մտմտոցը, մոռանում ենք, որ սենյակի անկյունում, հավանաբար, նստած է մի կիսամերկ, զարմացած նայող տղամարդ՝ ինչու է այս կինը հագել իր վերնաշապիկը՝ սեփական զգեստը հագնելու տեղակ, ու թե ինչու է այսպես խորիմաստ նայում պատուհանից դուրս․․․Գոնե շապիկը տա։ Նարինե Աբգարյանը կոտրում է այս կարծրատիպերը՝ ապացուցելով, որ ամենացավոտ թեմաների մասին անգամ կարելի է խոսել վառ, գունավոր, հումորով ու առանց ավելորդ՝ «վիսկի-վերնաշապիկ-էժան էրոտիկա» համադրության։ Անգամ՝ փոքրերի չարաճճիությունների ու սեփական հիշողությունների շարադրման տեսքով։ Եվ եթե հոգնել եք էժան սյուժեներից ու էժանագին տեքստի ոճականությունից, ապա թե՛ «Մանյունյան», թե՛ «Զուլալին», թե՛ «Երկնքից երեք խնձոր ընկավը» ձեզ համար են։ Նարինե Աբգարյանն օգնում է չկորցնել ու չէժանացնել գրական հոտառությունը։

2. «Սովետը»՝ այլ հայացքով

Դե, ԽՍՀՄ-ի վերջին տարիներից ի՞նչ գիտենք։ Չեխական սպասք, Բրեժնև, «էն տարիներին ամռանը կգնայիր ծով, երեխեքի համար «օտ ի դո» գրենական պիտույք ու հագուստեղեն կգնեիր՝ հանգստանալու ընթացքում, տեղը տեղին կհանգստանայիր, դեռ ձեռքդ բավարար գումար կմնար՝ հետդ կբերեիր տուն»․․․Ծանոթ տեքստ է, չէ՞։ Գիտեմ, ես էլ եմ հաճախ լսում։ «Մանյունյան» կարդալիս տեսնում ես իրական մանկությունը, հենց այն, որն ունեցել են մեր ծնողները, ու ծնողներին էլ փոքր ես պատկերացնում, իսկական։ Առանց Բրեժնևի ու չեխական սպասքի։ Իսկ տողատակում թեթև ակնարկեր են՝ ժամանակի ու խնդիրների վերաբերյալ, դրանք «ուժեղ լսողությամբ» ընթերցողը կորսա, անպայման։

3. Ծուխն առանց կրակ չի լինում

Հայ գրողին շուտով ներառելու են ռուսական դպրոցների պարտադիր ընթերցանության ցանկ։ Նարինեն մի շարք գրական մրցանակներ ունի, թարգմանվում է տարբեր լեզուներով։ Ռուսաստանի պես երկրում, որտեղ գրականությունը շատ ակտիվ զարգանում է, նման հաջողությունների ուղղակի բախտի բերումով չես հասնի։ Ուրեմն՝ պատճառ կա, ծուխը կրակի հիմք ունի, և «կրակը» տաղանդն է։ «Հայու գենի» մասին բղավում ու բղավում ենք, բայց այդպես էլ կոնկրետ գործողությունների չենք հասնում, հո «ղազախու գեների՞ն» չպիտի կարդանք։ Կատակը մի կողմ, եթե անկեղծ, տխուր է, որ Ռուսաստանում պարտադիր ընթերցանություն համարվող այս կնոջը Հայաստանում ճանաչում է մարդկանց միայն որոշակի մաս։ Կասեք՝ ռուսերեն է գրում, հասանելի չէ։ Մի քանի գիրք արդեն թարգմանվել են, կարելի է կարդալ։ Հետո, օտար լեզվի պատնեշը կարելի է հաղթահարել՝ հանուն լավ գրականության, հաստատ չեք փոշմանի։ Իսկ «հայ է, ինչու է ռուսերեն գրում» դիտարկումը լավ պատասխան ունի․ Նարինեն ռուսերենով շատ ավելի հայերեն է գրում, քան հայերեն գրող որոշ համերկրացիներ։ Կարդացե՛ք, կտեսնեք։

4. Երբ գրողը նաև լավ մարդ է

Ասում են՝ չի կարելի նույնականացնել գրողին ու գրականությանը։ Սա, մասամբ, ճիշտ է։ Բայց այս պարագայում Նարինեն հենց իր գրականությունն է, որովհետև այն հիմնված է սեփական հուշերի վրա։ Գրողը ներառված է մի շարք բարեգործական ծրագրերի մեջ, «Մանյունյայի» հայերեն թարգմանության հասույթը ևս օգտագործվելու է բարեգործական նպատակներով։ Նարինեն խոսում է Բերդի քաղցր բարբառով, կրում է հասարակ ու ճաշակով զգեստներ, անծանոթ մարդկանց ժպտում է այնպես, կարծես կես ժամ առաջ միասին համեղ մի բան էին ուտում՝ մատները պատառաքաղի տեղ օգտագործելով, ծալապատիկ նստած, իրար հերթ չտալով խոսելով։
Նարինե Աբգարյանը համեղ գրականություն ունի՝ անկեղծ, բաց, զինաթափ։ Ձեր գրադարակը կսիրի «Մանյունյային», որովհետև դուք կծանոթանաք Տայի հետ, հայերեն թարգմանությունը կարդալուց հետո կիմանաք, թե ինչպես է թարգմանվում «Господибожетымой» ֆրազն, ու երբ է այն պետք կիրառել։ Որպես բոնուս, կսովորեք Բերդից սերող մի տիպիկ հայհոյանք-նկարագրություն, որը կյանքի՝ հոնքերը կիտած օրերին հաստատ ձեզ պետք կգա։

Comments

Popular posts from this blog

Դարձ ի շրջանս յուր

Չգիտեմ՝ ինչ են գրում վերադարձների դեպքում։ Ես սովորաբար չեմ վերադառնում, որովհետև՝ առհասարակ գնացողներից չեմ, իսկ եթե գնացի էլ, ուրեմն՝ վերադարձի կետը գոյություն չունի այլևս, հետևաբար՝ վերադառնալու տեղ էլ չկա։ Պարզ է։ Հեշտ։ Ընկալելի։ Բայց ի՞նչ անել, եթե վերադառնում ես ոչ թե ինչ-որ մեկի մոտ, այլ ․․․ հենց քո։ Կամ գուցե վերադարձնո՞ւմ ես քեզ։ Քեզ բերում ես քեզ մոտ։ Քեզ հանդիպացնում ես քո հետ։ Նստում խոսում եք՝ դու ու դու, հետո գուցե խմում Դուդու, առնում դուդուկ, ուտում ֆունդուկ ․․․ Հասկացանք, լավ, հանգեր բռնել կարողանում եմ, բայց ինքս ինձ ո՞նց պիտի բռնեմ, որ էլ չկորցնեմ, որ հետո էլ կարիք չլինի հասկանալու՝ հիմա վերադարձել եմ, թե՝ վերադարձրել։ Ընդամենը մեկ «ր»-ի պատմություն է, բայց ինչքան բան է փոխում։ Գուցե հասկանալ էլ պետք չի ․ ինչ կարևոր է վերադարձա, թե վերադարձրի, կարևորը՝ տեղում եմ, այստեղ եմ, սպասել ու հասել եմ, հիմա էլ՝ գրում եմ։ Այն ֆորմատով, որից սկսեց ամեն ինչ։ Որը հետո դարձավ գրական տեքստերի հիմք։ Ու գրում եմ ճիշտ նույն տեխնիկայով՝ ուղղակի բացել ու տպում եմ՝ չեմ խմբագրում, չեմ մտ...

Երբ գրականությունը գալիս է քո ետևից

...Եվ երբ գրականությունը  իմ ետևից գա, ասա, որ ես հոգնել եմ շատ, ասա, որ ես մենակ եմ շատ, ասա, որ ես հետ եմ գնում։   Հասմիկ Սիմոնյան «Մեղուներ պահող աղջիկը» Երբեմն դժվար է իգական սեռի գրող լինել։ Որովհետև ուզում ես՝ կերպարդ քֆուր տա։ Չհայհոյի՝ քֆուր տա։ Բայց հիշում ես, որ դեռ չես ամուսնացել․ բա որ ուզողներդ քչանան։ Բա որ քեզ ուղարկվող ծաղիկներից զրկվես։ Բա որ էլ նվերներ չտան, ամա՜ն։ Ով պիտի  ասի՝ սիրուն ես, շատ սիրուն ես, ամենասիրունն ես, առանց էդ հիշեցումների ո՞նց ապրել։ Բա տենց կեղի՞։ Չեղի։ Անգամ Սեյրան Սարոյանն է համաձայն։  Հո չես բացատրի, որ՝ գիտեք, ես, անձնապես, հայհոյել չեմ սիրում, բայց քո անձը տեքստի մեջ բացարձակ կարևոր չէ, ու եթե ինքդ քեզ կաղապարում ես ինչ-որ բան գրելիս, ուրեմն՝ լավ տեքստ չես ստանա։ Որովհետև հնարավոր չէ քո վախը կապել կերպարիդ վզին։ Քո կոմպլեքսը թողնել նախաբանիդ բկին։ Քո հոգնածությամբ փակել տասններորդ գլխի հոգածությունը։ Ինքդ քո կյանքի շուրջբոլորը կմկմում ես այնքան, մինչև որ մի օր գնում ու քեզ համար գնում  ես վա...

Ավելորդ քաշ, նոր ֆենթըզի վեպ, ռեժիմ

Եթե ձեզ առաջարկեն՝ կռվել դրակոնի դեմ, կամ հենց այս պահին կշռվել, ինչ եք կարծում՝ ի՞նչ գույնի դրակոն կընտրեք։ Շատերի խիզախությունը չի հերիքի հիմա նայել ո՛չ իրականության, ո՛չ էլ՝ կշեռքի աչքերի մեջ։ Ի դեպ, եթե ինքնախարազանմամբ եք զբաղվում՝ դադարեցրեք, որովհետև սթրեսային վիճակում շատ ուտելը օրգանիզմի բնական ռեակցիա է՝ դեռևս  հնուց սերող։ Ոչ մի բարդ քիմիա չկա, հասարակ ու պարզ բացատրություն ունի․ ուտելիս մեզ ավելի ապահով ենք զգում, հանգիստ, իրավիճակը վերահսկելի է թվում։ Հենց սրա համար է, որ լարված ժամանակ ուտելու ցանկություն ունենք։ Բայց նաև հենց սրանից է, որ մերպեսների համար հոգեբանները ստեղծել են հատուկ՝ stress eating տերմինը, որը գործնականորեն ակտիվ կիրառում ենք համայն հայությամբ՝ ներկայիս օրերին։ Բայց եկեք մի կարևոր բան հասկանանք․ եթե օրգանիզմը հակում ունի սնվելով պաշտպանվածության միֆ հորինելու՝ չի նշանակում, թե այն կառավարել հնարավոր չէ։ Անընդհատ ու անընդմեջ ծամելու փուլը ես շատ արագ փակեցի, ու հիմա ոչ միայն  ավելորդ քաշ չեմ հավաքում, այլ անգամ քաշ եմ կորցնում։ Երեք պարզ գո...